Հոկտեմբերի 11-ին Երեւանում՝ կմեկնարկի «Կինոաշուն» ազգային կինոյի ամիսը։ Մեկ ամսվա ընթացքում Երեւանում եւ Հայաստանի չորս մարզերում՝ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում եւ Արմավիրում կցուցադրվեն ազգային կինոֆոնդում պահպանվող եւ վերջին տարիներին ստեղծված ֆիլմեր։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւրոգյանը սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ցուցադրության համար արդեն ընտրվել են 100 ֆիլմեր։
Ֆիլմերը ցուցադրվելու են Հայաստանի ազգային պատկերասրահի, «Նարեկացի» արվեստի կենտրոնի. Տիկնիկային թատրոնի եւ Մանկավարժական եւ Թատրոնի ու կինոյի ինստիտուտների կինոսրահներում։ Բացի «Մոսկվա» կինոթատրոնից, մնացած բոլոր կինոդահլիճների մուտքն անվճար է լինելու։
Իսկ «Մոկսվա» կինոթատրոնում հայկական ֆիլմեր նայել ցանկացողները ստիպված են լինելու վճարել 300 դրամ։
«Կինո «Մոսկվայում» ծախսը բավական շատ է եւ փորձեցինք սիմվոլիկ գումար դնել, որպեսզի գոնե հոսանքի ծախսը դուրս գա»,-նշեց Գեւորգ Գեւորգյանը։
Յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին կլինեն նաեւ բացօթյա ցուցադրություններ Կասկադում եւ «Սիրահարների այգում»։
Բուհերում հիմնականում կցուցադրվեն անկախությունից հետո արտադրված ժամանակակից ֆիլմեր, որոնց համար կինոյի ամսվա շրջանակներում, հայտարարվելու է լավագույն գրախոսականների մրցանակաբաշխություն։
Կբացվի նաեւ ֆոտոցուցահանդես։
Գ. Գեւորգյանի հավաստմամբ, այս մեկ ամսվա ընթացքում կցուցադրվեն նաեւ այնպիսի ֆիլմեր, որոնք երբեւէ չեն ցուցադրվել, կամ շատ հազվադեպ են էկրան բարձրացել։
Թեեւ կինոյի ամիսը իրականացվում է առանց հովանավորների օգնության, սակայն Ազգային կինոկենտրոնի տնօրենը հույս ունի, որ «Կինոաշունը» կդառնա ամենամյա։





























