BBC One բրիտանական հեռուստաալիքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին փաստագրական ֆիլմ է ներկայացրել, որի ռեժիսորն է Ռիչարդ Բիլթոնը։ Ֆիլմը պատմում է, որ ՌԴ նախագահն օգտագործել է իր իշխանությունը գաղտնի ունեցվածք կուտակելու համար, հայտնում է «Դոժդ»-ը։

«Պուտինի գաղտնի հարստությունը» ֆիլմի հեղինակը վկայակոչում է Կրեմլի նախկին պաշտոնյաներին, որոնք պատմել են, թե ինչպես է Պուտինը թաքցնում իր հարստությունը։

Ֆիլմում նշվում է, որ Պուտինը Եվրոպայի ամենահարուստ մարդն է եւ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նրա ունեցվածքը գնահատվում է 40 մլրդ դոլար։

ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Շուբինը նշել է, որ կառավարությունը տեղյակ է կաշառակերության մեջ Պուտինի ունեցած դերի մասին։ Նա նշել է, որ Պուտինն ու նրա մերձավորները ներքաշված են անօրինական սխեմաների մեջ, որոնք մեծ հարստություն են բերում։ «Ես կարծում եմ, որ դա կաշառակերություն է»,- ասել է Շուբինը։