Բելգիայում Իրանի դեսպանատան մամուլի հարցերով խորհրդական Ֆարզադ Ֆարհանգիյանը, քաղաքական դրդապատճառներից ելնելով, թողել է իր պաշտոնը եւ պատրաստվում է քաղաքական ապաստան գտնել Եվրոպայում։

Լրատվամիջոցների տեղեկացմամբ, Ֆարհանգիյանը, դիվանագիտական աշխատանքից հեռանալով, ցանկացել է իր աջակցությունը հայտնել իրանական ժողովրդի՝ խոսքի ազատության եւ ինքնարտահայտման ձգտմանը՝ այսկերպ բողոք հայտնելով Իսլամական Հանրապետության գործողությունների դեմ։

Ինչպես հայտնում է իրանական ընդդիմադիր «Բալատարին» կայքէջը, Ֆարհանգիյանը Իրանի ԱԳՆ համակարգում աշխատել է 23 տարի եւ այժմ, ինչպես իր նախկին գործընկեր, Օսլոյում Իրանի դեսպանատանն աշխատած Մոհամադռեզա Հեյդարին, պատրաստվում է քաղաքական ապաստան խնդրել Նորվեգիայից։

Փետրվարի վերջին Նորվեգիան քաղաքական ապաստան էր տվել Օսլոյում Իրանի նախկին գլխավոր հյուպատոս Հեյդարիին։ Դիվանագետը հայտնել էր, որ պաշտոնաթող լինելուց հետո «վախենում է իր կյանքի համար»։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», նախօրեին Հելսինկիում Իրանի դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդական Ալիզադեն եւս քաղաքական ապաստան էր հայցել Ֆինլանդիայից։