ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում իրանցի գործընկերոջ` Իբրահիմ Ռահիմպուրի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը, ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային օրակարգի մի քանի հարցի վերաբերյալ: Հատուկ ուշադրություն է հատկացվել Կենտրոնական Ասիայում եւ Այսրկովկասում իրավիճակին, ղարաբաղյան կարգավորմանը, ինչպես նաեւ Ուկրաինայի ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ Մինսկյան պայմանավորվածությունների իրականացմանը», - նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին հայտնել էր, որ Թեհրանը պատրաստ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության լուծման գործում:
Նա նաեւ տեղեկացրել է, որ ադրբեջանցի եւ իրանցի դիվանագետները բանակցություններ են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Իրան հնարավոր այցի վերաբերյալ: Այցի մասին կհայտնեն, եթե վերջնական որոշում կայացվի:



























