Իրանը կկարողանա ավելացնել նավթի մատակարարումները համաշխարհային շուկա, բայց ամենայն հավանականությամբ ստիպված կլինի զեղչեր առաջարկել: NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել իսրայելցի փորձագետ, Eco Energy խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Ամիտ Մորը:

«Կարծում եմ՝ մոտակա մի քանի ամիսներին Իրանը կկարողանա օրական 500 հազար բարելով ավելացնել արտադրությունն ու իրացման շուկաներ գտնել: Բայց քանի դեռ շուկայում նավթի ավելցուկ կա, Իրանը ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի զգալի զեղչեր առաջարկել»,- հավելել է նա:

Նկատենք, որ ֆրանսիական Les Echos թերթի ներկայացրած գնահատականներով, ԵՄ պատժամիջոցներից հետո 2012 թ. Իրանում նավթի արտադրությունը օրական 4 մլն բարելից (2011թ) նվազել էր մինչեւ 2.7 մլն (2015 թ. հոկտեմբեր), իսկ արտահանումը՝ 2.2 –ից մինչեւ 1.1 մլն:

Ինչպես վերջերս հայտնեց Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն, պատժամիջոցների չեղարկումից հետո նավթի արդյունահանումը հանրապետությունում կարող է աճել օրական 500 հազար բարելով , իսկ մինչեւ 2016 թ վերջը՝ 1 մլն բարելով: