Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որը պատժամիջոցների վերացումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով Ապենիններ է այցելել, մոտ 40 րոպե է տեւել: ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն, Ռոհանիի եւ Ֆրանցիսկոսի հանդիպումը Իրանի նախագահի եւ կաթոլիկ եկեղեցու ղեկավարի առաջին հանդիպումն է դարձել վերջին 16 տարվա ընթացքում:
Վատիկան այցի ընթացքում Ռոհանիին ուղեկցում էր 12 հոգուց բաղկացած ներկայացուցչական պատվիրակություն, այդ թվում նաեւ` թարգմանչուհին: Հանդիպման ընթացքում Ֆրանցիսկոսն իտալերեն էր խոսում, իսկ Իրանի նախագահը` պարսկերեն:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Ռոհանիից բաժանվելով` Ֆրանցիսկոսն ասել է. «Շատ շնորհակալ եմ այս այցի համար եւ խաղաղության հույս ունեմ»:
Ռոհանին պապին ձեռագործ գորգ է նվիրել եւ գիրք: Ի պատասխան Իրանի նախագահը պապական ավանդական նվեր է ստացել` իր թիկնոցով աղքատի ծածկող սուրբ Մարտինի պատկերով շքանշան, ինչպես նաեւ Ֆրանցիսկոսի երկրորդ Laudato si (Փառք քեզ) շրջաբերականը, որը հրապարակվել էր 2015-ի հունիսին եւ նվիրված էր շրջակա միջավայրին:
Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից հետո իրանական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վատիկանի պետական քարտուղար Պյետրո Պարոլինիի հետ:
Ինչպես տեղեկացնում է Iran.ru-ն, Հասան Ռոհանին հունվարի 25-ին իր առաջին այցն է կատարել Եվրոպա հունվարի 16-ին պատժամիջոցների վերացումից հետո: Իրանի նախագահն արդեն այցելել է Հռոմ, որտեղ կողմերը մի շարք համաձայնագրեր են ստորագրել, իսկ Վատիկանից հետո կուղեւորվի Փարիզ:




























