Սեպտեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ դեսպան Ռոբերտ Սիմոնսին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ ձեւավորված փոխշահավետ համագործակցությունը եւ մտադիր է ամրապնդել այն` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործմանը: Նա շեշտել է նաեւ, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան համագործակցության խորհրդի շրջանակներում, ինչպես նաեւ` խաղաղապահության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարերային աղետների հետեւանքների վերացման եւ այլ ուղղություններով:
Իր հերթին Ռոբերտ Սիմոնսը, կարեւորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, ասել է, որ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը եւ հույս հայտնել, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը լավ հնարավորություն է ընձեռում պատշաճ մակարդակի վրա պահելու համագործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են այս օրերին Հայաստանում ընթացող տարերային աղետների հետեւանքների վերացման միջազգային ուսումնական վարժանքներին` որպես Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ արդյունավետ համագործակցության լավ օրինակ:




























