Հայաստանի երկու քաղաքի գազիֆիկացման համար Իրանի կառավարության դրամաշնորհը շուտով կստացվի: Այդ մասին հունվարի 27-ին լրագրողներին հայտնել է «Գազպրոմ Արմենիայի» փոխտնօրեն, գլխավոր ինժեներ Հրանտ Թադեւոսյանը:
Նրա խոսքով, 2 մլն դոլարի չափով միջոցները նախատեսված են Իրանին սահմանակից Մեղրի եւ Ագարակ քաղաքների գազիֆիկացիայի համար: Ընդհանուր առմամբ նախատեսված է գազ հասցնել մինչեւ 5 հազար բաժանորդի: «Մենք նախատեսել ենք ճյուղեր հասցնել նաեւ այդ քաղաքներին շրջակա գյուղեր, բայց այնտեղ սպառողները շատ չեն, իսկ միջոցները նախատեսված են աշխատանքների որոշակի ծավալի համար: Այդ պատճառով կանգ առանք երկու քաղաքի վրա», - պարզաբանել է նա:




























