Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միությունը 2016թ. ուզում է հանրապետությունում մոտ 90 ինժեներական խմբակ բացել։ Այս մասին հունվարի 27-ին ասել է Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը։

Խմբակների ղեկավարությունն իրականացնելու են հայկական ՏՏ ընկերությունները՝ տալով ոլորտի ուղղվածություն՝ ռոբոտաշինություն, 3D-տպիչների դիզայն, ծրագրավորում։ Կառավարությունը կօժանդակի դրանց ստեղծմանը։ Վարդանյանի խոսքով՝ խմբակների մի մասը լինելու է մարզերում։ Եվ հենց այդ պատճառով պետությունը պետք է մտածի, թե ինչպես այնտեղ տանել ՏՏ ընկերությունները եւ նրանց մասնաճյուղերը։

«Կարծում եմ, որ իմաստ ունի նրանց նոր հարկային արտոնություններ առաջարկել, որպեսզի ընկերությունները մարզերում ունենան իրենց ստորաբաժանումները։ Դա կօգնի նոր աշխատատեղեր եւ մարզերում վճարունակության պահանջարկ ստեղծել։ Իզուր չէ, որ ԱՄՆ-ում կարծում են, որ ՏՏ ոլորտում յուրաքանչյուր մեկ աշխատատեղ 8 աշխատատեղ է ստեղծում մյուս ոլորտներում։ Մեր դեպքում դա կարող է լինել 3-4-ը, ինչը նույնպես վատ չէ»,- նշել է Վարդանյանը։