Իրանի նախագահ Հասան Ռոհանին հույս ունի ապագայում այցելել ԱՄՆ, որտեղ նրան կընդունեն այնպես, ինչպես Իտալիայում, սակայն նրա խոսքով, ԱՄՆ-ի եւ ԻԻՀ-ի միջեւ «առանց լարվածության հարաբերություններին բանալին» Վաշինգթոնի ձեռքում է, ոչ թե Թեհրանի:
«Ամերիկյան որոշ ոլորտներ պիտի հասկանան, որ պատժամիջոցների ժամանակաշրջանն ավարտվել է: Միացյալ Նահանգները պիտի ապագային նայեն, ոչ թե անցյալին», — Հռոմում մամուլի ասուլիսին Ապենինյան թերակղզի իր այցն ամփոփելիս ասել է Ռոհանին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով, եթե այսօր ամերիկացի ներդրողներն ուզում են աշխատել Իրանում, ապա իրանական կողմից դրան ոչ մի խոչընդոտ չկա: «Մենք պատրաստ ենք ամերիկյան ընկերությունների հետ համատեղ արտադրության», — ընդգծել է ԻԻՀ-ի ղեկավարը` միաժամանակ նշելով, որ խոչընդոտներ գոյություն ունեն օվկիանոսի մյուս կողմում:
Ռոհանին հիշեցրել է, որ ներկայումս ԱՄՆ-ը թույլատրել է իրանական գորգերի, գետնանուշի եւ այլ ավանդական արտադրանքի ներմուծումը, իսկ իրանցիները կարող են ամերիկյան ինքնաթիռներ գնել: Միաժամանակ Իրանի նախագահը նշել է, որ հնարավոր է անհամեմատ ավելի շատ բան անել եւ հույս է հայտնել, որ ապագայում ամերիկացիները հենց այդպես էլ կվարվեն:
«Նրանք (ամերիկացիները) գիտեն, որ տարածաշրջանի խնդիրները չեն կարող լուծվել առանց Իրանի օգնության», — եզրափակել է Ռոհանին, որի խոսքերն է մեջբերում Ansa գործակալությունը:




























