Հայաստանի խորհրդարանը սկսել է քննարկել աղբահանության եւ սանիտարական աշխատանքների մասին օրինագիծը։
Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է աղբահանության համար վարձավճարի չորս տարբերակ։ Տարբերակները պետք է որոշեն իրենք՝ համայնքները։ Եվ այսպես, փաստաթուղթն նախատեսում է վճարման հետեւյալ տարբերակները՝ ըստ աղբի քաշի, ըստ ծավալի, ըստ ընտանիքի անդամների թվի կամ բնակելի տարածքի մակերեսի։
Ինչպես նշել է Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, օրինագծի ընդունման անհրաժեշտությունը ծագել է, քանի որ աղբահանության գործող համակարգն անարդյունավետ է, ինչի պատճառով էլ հնարավոր է լինում հավաքել գումարի միայն 50 տոկոսը։ Այսպես, եթե վարձավճարը գանձվում է ըստ ընտանիքի անդամների թվի, ապա ամեն շնչի համար պետք է վճարվի 1000 դրամ։ Եթե հաշվարկը կատարվում է ըստ բնակելի տարածքի մակերեսի, ապա 1ք/մ համար պետք է վճարել 100 դրամ։ Եթե գումարը հաշվարկվում է ըստ աղբի քաշի, ապա 1 տոննայի համար անհրաժեշտ է վճարել 30 հազար դրամ, ըստ ծավալի՝ 10 հազար դրամ։




























