Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը   (UITE) դպրոցականների համար ծրագրավորման հերթական  «Digicode» մրցույթը կանցկացնի: Այդ մասին հունվարի 27-ին լրագրողներին հայտնել է հանրապետության IT ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Կարեն Վարդանյանը:

Մրցույթը կընթանա երկու տարիքային անվանակարգում`   8-13 եւ 13-18 տարեկան:  «Շատ հաճելի է, որ իրենց ծրագրավորող են տեսնում արդեն շատ վաղ հասակում: Եթե հիշում եք, անցյալ տարի 8-13 տարեկանների անվանակարգում 8-ամյա աղջիկ էր հաղթել, ընդ որում` համակարգչային խաղի պատրաստի ծրագրով:  Այսինքն մի քանի տարուց նա լիովին կկարողանա բարձրակարգ մասնագետ դառնալ», - նշել է Վարդանյանը: UITE-ը ապագա ծրագրավորողներին օգնում է ծանոթանալ ընկերների հետ ամբողջ աշխարհով մեկ:   «Մենք նրանց ցույց ենք տալիս, թե իրենց ծրագրերն ինչպես տեղադրեն սկսնակ ծրագրավորողների համար կայքերում, օրինակ` Մասաչուսեցի տեխնոլոգիական համալսարանի էջին: Այնտեղ կարող է  համախոհների հետ վիրտուալ ծանոթություն առաջանալ: Իսկ թե դա որքան օգտակար է, կարծում եմ, բացատրելու կարիք չկա», - հավելել է նա: