Վերջին շրջանում հայաստանյան մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ համարյա թե 1 մլրդ բնակչություն ունեցող Հնդկաստանը հետաքրքրված է հայկական կոնյակով։ Մեծ տնտեսագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, թե ինչ ահռելի հեռանկարներ են բացվում այդ դեպքում հայկական կոնյակագործության համար։ Սակայն Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանն այսօր սառը ջուր լցրեց ժամանակից շուտ ոգեւորվածների գլխին։ Նրա տեղեկացմամբ՝ իրականում թունդ խմիչքները Հնդկաստանում մեծ պահանջարկ չեն վայելում։ «Երբ Հնդկաստանում ասում են վիսկի՝ նկատի ունեն հեղուկ, որի մեջ 5 տոկոսն է վիսկի։
Մեր արտադրանքը Հնդկաստանում վաճառելը շատ բարդ է, քանի որ պետք է տեղում արտադրվի, որը մեզ ոչինչ չի տալիս»,- ասաց Ա. Գրիգորյանը։ Սակայն նա հավաստիացրեց, որ շատ թափով աշխատում են չինական շուկայում, որտեղ ֆրանսիական կոնյակը, ավանդաբար, շատ լուրջ դիրքեր ունի։ Չինացիներն առայժմ նախընտրում են «Պեռնո Ռիկարի» Martell ապրանքանիշը կամ «Լյուի Վյութոնի» Hennessy-ն։ Այդ ընկերությունների բյուջեները, ըստ Ա. Գրիգորյանի, համեմատելի են Հայաստանի պետական բյուջեի հետ, ուստի շատ դժվար է նրանց հետ մրցակցելը։ Բացի այդ չինացիների շրջանում հարկավոր է շատ լուրջ բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի նրանք ճանաչեն Հայաստանն ու Արարատը, որից հետո, ըստ Ա. Գրիգորյանի, կարելի է հուսալ, որ հայկական կոնյակը դիրքեր կգրավի չինական ահռելի շուկայում։




























