Ավարտվեց «ՌեԱնիմանիա 2010» միջազգային անիմացիոն կինոփառատոնը։ Մրցանակակիրներն արդեն հայտնի են։ Երեկ` սեպտեմբերի 13-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավոր արարողությամբ ամփոփվեց կինոփառատոնն ու մրցանակներ հանձնվեցին հաղթողներին։

Ըստ այդմ, «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց  Չինաստանում 2009 թվականին արտադրված «Փիրսինգ 1» ֆիլմը, (ռեժիսոր,սցենարիստ եւ անիմատոր Լիու Ջիան, պրոդ.՝ Լիու Ուանգ),  «Լավագույն հեռուստատեսային/ կրթական ֆիլմ» մրցանակը շնորհվեց «Նավթի պատմությունը» (Փիթ Բիշոփ, 2010/Միացյալ թագավորություն), «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակը հանձնվեց «Մեծ աղմուկ» ֆիլմին (ԲԼՈՒ, 2010/Իտալիա), «Լավագույն  ավարտական ֆիլմ» մրցանակը տիվեց՝ «Միրամարե» (Միքաել Մյուլլեր, 2009/Խորվաթիա):

Մանկական ժյուրի մրցանակը հանձնվեց «Բոբ» ֆիլմին (Յակոբ Ֆրեյի, Հարրի Ֆաշթ, 2009/Գերմանիա):

«Կարճամետրաժ ֆիլմի համար լավագույն երաժշտություն»  մրցանակը, ինչպես նաեւ «Լավ քաղաքացի մրցանակ» տրվեց «Բարկացած մարդը» ֆիլմին (Անիտա Կիլլի, 2009/Նորվեգիա):

«Դեբյուտ» մրցանակը հանձնվեց Մերի Կյուրեղյանին՝ «Արևը և խավարասերը» ֆիլմի համար։ «Ռոբ Սահակյանց» մրցանակը շնորհվեց՝ Մաքս Հաուարդին՝ հայաստանյան անիմացիոն շուկային աջակցելու համար։ Մրցանակներ ստացան նաեւ Կարինե Արոյանն ու Լուսինե Քասարջյանը։

Մշակույթի նախարարության պատվոգրեր հանձնվեցին՝ Լյուդմիլա Սահակյանցին եւ Գայանե Մարտիրոսյանին։ Իսկ ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ հանձնվեց Ստեփան Անդրանիկյանին։

 «ՌեԱնիմանիա 2010» միջազգային անիմացիոն կիոփառատոնի հիմնադիր- տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ կինոփառատոնն արդեն իսկ կայացած է, ինչի մասին է վկայում լեցուն դահլիճներն ու վարպետության դասընթացների նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը։ «Պետք չէ յոթ կամ տաս տարի սպասել ասելու համար, որ փառատոնը կայացած է։ Փառատոնը իսկապես կայացած է, բայց դեռ ամրանալու ճանապարհին է»,-ասաց Քասունին՝ ավելացնելով, որ այս փառատոնը ոչ միայն հնարավորություն տվեց հիանալի անիմացիոն ֆիլմեր դիտելու, այլեւ սա առաջին քայլն էր նոր սերնդի համար` միջազգային վարպետներից դասեր սովորելու։

«Մենք հասկացել ենք. որ այս կիոնփառատոնը շատերին է պետք, եւ հուսով եմ, որ հաջորդ տարի մեզ կմիանան նաեւ այլ նախարարություններ, այլ հովանավորներ եւ ավելի շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, եւ ոչ թե նրա համար,որ օրինակ վարչապետը մեր կողքին է, այլ որ փառատոնն ինքնին կարեւոր է Հայաստանի անիմացիանի զարգացման եւ ապագային համար»,-ասաց Քասունին։

Հիշեցնենք, որ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը տեղի ունեցավ Երեւանում սեպտեմբերի 9-13-ը։ Կինոփառատոնը ստեղծվել է 2008-ին` նպատակ ունենալով աջակցել հայկական անիմացիայի երբեմնի համբավի վերականգնմանը: