Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը համաձայն չէ կարծիքին, թե հոգեւոր առաջնորդներն ապրում են ցոփ ու շվայտ կյանքով:
«Համամիտ չենք այն գնահատականին, որ առաջնորդները ցոփ ու շվայտով կյանքով են ապրում: Կարծում ենք՝ դա ավելի շատ շահարկվում է, քան իրականության հետ որեւէ առնչություն ունի»,- այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կաթողիկոսը, որը Հայոց բանակի 24-րդ ամյակի կապակցությամբ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Լրագրողների հարցին, թե իշխանավորները չե՞ն հեռացել եկեղեցուց, թեեւ եկեղեցի են կառուցում, Գարեգին Բ-ն պատասխանեց. «Մենք չենք կարող նման գնահատական հնչեցնել, որովհետեւ մենք որեւէ անձի հոգու, ապրումի քննողը չենք: Մենք փառք ենք տալիս, որ եկեղեցի են այցելում, աղոթք են բարձրացնում: Մենք խրախուսում ենք եկեղեցաշինությունը»:











