Վաղը Մոսկվայում կկայանա ադրբեջանցի դպրոցականի կողմից սպանված 11-ամյա Էդիկ Մարգարյանի հուղարկավարությունը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Էդիկի մայրը՝ Աննա Մարգարյանը։
Ընդ որում, նա նշեց, որ դեպքի առնչությամբ քրեական գործ դեռ չի հարուցվել, քանի որ դեռեւս չեն ստացել ներքին օրգանների վերաբերյալ փորձաքննության արդյունքները։ Էդիկի մայրն ասաց, որ դատարանում պնդելու է այն վարկածը, թե սպանությունը կանխամտածված է եղել, քանի որ Էդիկին սպանող ադրբեջանցի դպրոցական Մամեդը ամեն ինչ նախօրոք է ծրագրավորել եւ մտադրված հասցրել այնպիսի հարվածներ, որոնք ակնթարթային մահվան են հանգեցրել։
Նշենք, որ Էդիկ Մարգարյանը սպանվել էր սեպտեմբերի 7-ին 9-րդ դասարանի ադրբեջանցի աշակերտ Մամեդի կողմից 501 դպրոցի բակում, որտեղ էլ նրանք սովորել են։ Նրանց միջեւ կռիվ բռնկվել էր դեռ առավոտից, սակայն նրանք պայմանավորվել են շարունակել դասերից հետո։ Կռվի ժամանակ Մամեդը, ով ըմբշամարտով է զբաղվել, ականատեսների վկայությամբ, Էդգարին ուժգին հարվածներ է հասցրել, որոնք էլ բերել են ակնթարթային մահվան։
Որոշ տեղեկություններով, Մամեդն այդ օրը եղել է ալկոհոլի ազդեցության տակլ։ Էդիկի մայրը՝ Աննա Մարգարյանը ավելի վաղ հայտնել էր, որ Մամեդը հրամայել էր ընկերներին նկարահանել կռիվը իր բջջային հեռախոսի վրա: Տեսագրությունը ներկայումս գտնվում է իրավապահ մարմինների մոտ, որպես իրեղեն ապացույց։





























