ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարծում է` հայոց բանակը բավական լուրջ տարիքի է:
Այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանապետը շնորհավորեց հայոց բանակի ստեղծման 24-ամյակի առթիվ՝ հրաժարվելով, սակայն, պատասխանել լրագրողների այլ հարցերին:
«Լսեք, դուք խաղաղության մեջ ապրեք, հլը բացեք դեմս, ձեր գործով զբաղվեք, դավայ»,-լրագրողների հարցին ի պատասխան ասած Վլադիմիր Գասպարյանը:
Լրագրողներից Վլադիմիր Գասպարյանին փորձեց «ազատել» տարեց մի կին, որը հորդորեց նրանց «լռել եւ լսել էդ տղին»:
«Հլը մի րոպե լռեք, ի՞նչ եք շրջապատել էս տղին: Խնդրում եմ, որ էս օրով ոչ մեկ ոչ մի վատ բանից չխոսի, էսօր շնորհավորում ենք մեր բանակի օրը մեր տղաների օրը»,-ասաց տարեց կինը, որը մեխակներ էր բերել այն զինվորների շիրիմներին դնելու համար, որոնց ծնողներն այլեւս ողջ չեն:
Վլադիմիր Գասպարյանը տարեց տիկնոջը լսեց, ապա լրագրողների հարցերից խուսափելով ասաց. «Արի, մեր ջան, արի գնանք»:











