Իրանի համար դժվար կլինի արդյունահանումն ավելի մեծացնել, քան օրական   500 հազար բարելով:  NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել Բրանդեյսի համալսարանի (ԱՄՆ) Մերձավոր Արեւելքի տնտեսության դասախոս Նադեր Հաբիբին:

Հանրապետությունը կարող է դժվարություններ ունենալ նոր հաճախորդների հետ աշխատանքում, որովհետեւ միջազգային բանկերը դեռեւս անհանգացած են ԱՄՆ-ի պատժամիջոցներով, հավելել է նա: 

Այնուամենայնիվ, արտահանման տեխնիկական խնդիրներ չկան, որովհետեւ հունվարի   16-ին նավթային սեկտորի վրայից ամբողջությամբ հանվել են պատժամիջոցները: Նավթի գները շատ ցածր են, բայց եթե Իրանը մրցունակ գներ առաջարկի, կարող է գնորդներ գտնել, համարում է փորձագետը:  

Նավթի մատակարարման հետ կապված բարդություններ եւս չեն ծագի, որովհետեւ Իրանը սեփական նավերն ու ապահովագրությունն է օգտագործում: Հետեւաբար, պետք չէ զգուշանալ, թե արտասահմանցի ապահովագրողները չեն ցանկանա գործ ունենալ Թեհրանի հետ:  

Այդ պատճառով գործող հաճախորդներին մատակարարումները ոչ մի դժվարություն չեն առաջացնի, բայց նոր հաճախորդներին վաճառքը գուցե մի փոքր ավելի բարդ լինի դեռեւս առկա մտավախությունների պատճառով: 

Նշենք, որ ֆրանսիական տնտեսական  Les Echos թերթի գնահատականների համաձայն,   2012-ին ԵՄ-ի պատժամիջոցներից հետո Իրանում նավթի արդյունահանումը նվազել է օրական 4 մլն բարելից (2011) հասնելով մինչեւ 2,7 մլն-ի (2015-ի հոկտեմբերին), իսկ արտահանումը` օրական 2,2 մլն-ից մինչեւ 1,1 մլն-ի:

Ինչպես վերջերս հայտնել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն, հանրապետությունում նավթի արդյունահանումը պատժամիջոցների վերացումից անմիջապես հետո կարող է աճել օրական  500 հազար բարելի չափով, իսկ մինչեւ 2016-ի վերջ` 1 մլն բարելով: