Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Բելգիայի ֆրանսախոս համայնքի միջազգային համագործակցության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սյուինենին, որը գլխավորում է Հայաստան ժամանած Վալոնիայի եւ Բրյուսելի մի քանի տասնյակ գործարարների պատվիրակությունը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել տարեցտարի ակտիվացող հայ-բելգիական տնտեսական համագործակցությամբ` նշելով, որ այդ գործում իրենց լուրջ ներդրումն ունեն պարբերաբար կազմակերպվող հայ-բելգիական գործարար համաժողովները, հայ եւ բելգիացի գործարարների փոխադարձ այցելությունները:
Ֆիլիպ Սյուինենը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ սա Բելգիայի ֆրանսախոս համայնքի գործարարների արդեն երրորդ այցելությունն է Հայաստան, եւ ամեն անգամ Երեւան ժամանող գործարարների թիվը նկատելիորեն աճում է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ Բելգիայի ֆրանսախոս համայնքի միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության եւ դրա շրջանակներում համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:
Նախարար Նալբանդյանի խնդրանքով` Ֆիլիպ Սյուինենը ներկայացրել է Բելգիայում տեղի ունեցող գործընթացները եւ ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիները:
Հայ-բելգիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆիլիպ Սյուինենին հանձնել է ԱԳՆ մեդալ:




























