Ռուսաստանի մայրաքաղաքի Սավելեւսկի դատարանը քաղաքապետ Յուրի Լուժկովից պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության հայց է ստացել՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի, «Life News» կայքի եւ «Տվոյ դեն» թերթի դեմ, հաղորդում է «Պրայմ-ՏԱՍՍ»-ը:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն արդեն ստացել է Լուժկովի հայցը: Քաղաքապետը պահանջում է հերքել «Lifenews»-ի տեղեկությունը կատարված ապօրինի ծախսերի վերաբերյալ: Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ քաղաքապետին պատկանող ընկերությունների միջոցով մի քանի միլիոն ռուբլի է փոշիացվել:
«Lifenews»-ից Լուժկովը պահանջում է երեք, լրագրողից 1 միլիոն ռուբլի:
Նշենք, որ անցած շաբաթ մի քանի հանրային հեռուստաալիքներ վավերագրական ֆիլմեր եւ հաղորդումներ են ցուցադրել, որոնք վարկաբեկում են Մոսկվայի քաղաքապետի կնոջը: Մասնավորապես, ուրբաթ երեկոյան НТВ ալիքը ցուցադրել է «Բանը կեպիի մեջ է» ֆիլմը, որում փաստեր են ներկայացվել՝ քաղաքապետի եւ նրա կնոջ ընտանեկան բիզնեսի մութ կողմերի մասին:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահի վարչակազմում, վերջին օրերին ակնհայտ դժգոհություն էին ցուցաբերում Մոսկվայի քաղաքապետարանի հայտարարությունների կապակցութամբ:



























