Իրանը բացվում է աշխարհի առաջ եւ Հարավային Կովկասը դիտարկում է որպես լավագույն միջանցք: Այդ մասին հունվարի 28-ի մամուլի ասուլիսին հայտնել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով, երբ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ խոսում է Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապելու անհրաժեշտության մասին, դա նշանակում է, որ Հայաստանի առաջ պատմական հնարավորություններ են բացվում: «Դա էներգետիկ քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու հնարավորություն է, ինչը էականորեն կնպաստի Հայաստանի անկախության ամրապնդմանը: Դա լրջագույն խթան կդառնա Հայաստանի տնտեսության զարգացման համար, կօգնի դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը եւ անվտանգության քաղաքականությունը: Եվ, երրորդ` դա Հայաստանին լրացուցիչ խաղաթղթեր կտա ղարաբաղյան գործընթացում. հայկական կողմի փաստարկներն ավելի ծանրակշիռ կդառնան», - համարում է Մեհրաբյանը:




























