Իրանը խնդիր է դրել երկու տարուց սկսել Եվրոպային բնական հեղուկ գազի  (ԲՀԳ) մատակարարումները: Այդ մասին հայտնել է Իրանի ազգային գազային ընկերության   (ԻԱԳԸ) տնօրեն Ալիռեզա Քամելին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով IRNA գործակալությանը:

Իսլամական Հանրապետությունը տիրապետում է բնական գազի   34 տրլն խ մ պահուստի, որն աշխարհում իր մեծությամբ երկրորդն է, բայց ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի կամ Կատարի, նավահանգիստներում  արտահանման անհրաժեշտ ենթակառուցվածքներ չունի: Ներկայումս Իրանն աշխատում է «ԲՀԳ արտահանողների միջազգային ակումբին անդամակցելու» մի քանի տարբերակի վրա, նշել է Ա. Քամելին: Այդ թվում ուսումնասիրվում է սեփական  Iran LNG ընկերության ստեղծման նախագիծը վերականգնելու գաղափարը, որը   2012-ին հետաձգվել էր իրանական միջուկային ծրագրի պատճառով Արեւմուտքի կողմից  պատժամիջոցների սահմանման հետեւանքով:

Մեկ այլ հնարավորություն է Պարսից ծոցի հատակով  խողովակաշարի կառուցումը դեպի Օման, որտեղ ԲՀԳ-ի արտադրության հզորություններ կան:  ԻԱԳԸ-ի ղեկավարի խոսքով, Օմանը պատրաստակամություն է հայտնել երկու տարում նման խողովակաշար կառուցելու: Բացի այդ, Թեհրանը եվրոպական մի քանի ընկերության հետ բանակցություններ է վարում ԲՀԳ-ի արտադրության լողացող գործարանների ստեղծման ուղղությամբ:  Իրանը հույս ունի գազ մատակարարել նաեւ Պարսից ծոցի հարեւաններին, մասնավորապես` Քուվեյթին եւ ԱՄԷ-ին: Այդ երկրները գազի սեփական պահուստներ չունեն, եւ Իրանը կարող է փոքր հեռավորության խողովակաշարեր կառուցել այդ ուղղությամբ:

Ներկայումս Թեհրանը տարեկան մոտավորապես   9 մլրդ խ մ գազ է մատակարարում։