Արեւմուտքի երկրներն իրավունք չունեն Սիրիայի ժողովրդի փոխարեն լուծել, թե ինչ ճանապարհով պետք է գնա այդ երկիրը։ Այս մասին ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
«Քննարկվող դիլեման, թե Սիրիայի ապագան պետք է լինի նախագահ Բաշար Ասադի՞ հետ, թե՞ առանց նրա, չի արտահայտում տեղում տիրող բուն իրավիճակը։ Այդ հարցը կարող է առաջ քաշվել միայն երկարաժամկետ հեռանկարում։ Արեւտմյան երկրները պետք է համակերպվեն այն իրողության հետ, որ իրենց չէ վերապահված Սիրիայի ժողովրդի փոխարեն որոշումներ կայացնելու իրավունքը»,- ասել է Ռոհանին։
Նրա խոսքով՝ Սիրիայում առաջին հերթին պետք է վերականգնել անվտանգությունը։ «Հակառակ դեպքում ինչպե՞ս է հնարավոր լինելու թափանցիկ ընտրություններ անցկացնել այն պարագայում, երբ ահաբեկիչները բռնազավթել են երկրի տարածքի 60 տոկոսը։ Ինչպե՞ս կարելի է նման պայմաններում երկրի ապագայի շուրջ պլաններ կազմել»,- հարցադրում է արել նախագահը։
«Ահաբեկչության դեմ պայքարը պետք է առաջնային լինի։ Ինչ վերաբերում է Սիրիայի կառավարության ապագային, ապա այդ հարցն այս պահին հետաքրքրություն չի ներկայացնում։ Կարճաժամկետ հեռանկարում Բաշար Ասադին իշխանության գլուխ թողնելուց բացի, այլ լուծում չկա։ Եթե մենք ուզում ենք ոչնչացնել ահաբեկչությունը, անհրաժեշտ է օգնել սիրիական բանակին, որը չի կարող լուծել իր առջեւ դրած խնդիրը առանց կայուն, կենտրոնացված իշխանության»,- ասել է Ռոհանին։
Իրանի նախագահը կարծում է, որ Սիրիայում պետք է ամենից առաջ սկսել ոչնչացնել ահաբեկիչներին, որը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղության եւ կայունության վերականգման համար, եւ փախստականներին հնարավորություն կտա վերադառնալ իրենց երկիրը։
«Դրանից հետո անհրաժեշտ կլինի բարեփոխումներ անցկացնել»,- նշել է նա եւ հավելել, որ կենտրոնական իշխանության եւ ընդդիմության միջեւ բանակցությունները պետք է տարվեն ընտրություններ անցկացնելու համար։
Ըստ Ռոհանիի՝ Սիրիայում կարեւոր խնդիրներից մեկը հրադադարի հաստատումն է։



























