Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել օրինագծին, որով արգելվում է հանրային վայրերում փարանջա կրել: Կողմ է քվեարկել 246 սենատոր, դեմ` միայն մեկ մարդ:
Այժմ փաստաթուղթը պետք է քննարկման ներկայացվի Սահմանադրական խորհրդում: Հավանության արժանանալու դեպքում օրենքը ներկայացվելու է նախագահին՝ ստորագրման: Նիկոլա Սարկոզիի դիրքորոշումն այդ հարցում վաղուց հայտնի է: Նա բազմիցս հայտարարել է, թե դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստը «նվաստացնում է կանանց արժանապատվությունը»:
Ենթադրվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի ոչ շուտ, քան 2011թ. գարնանը: Առայժմ փաստաթղթի հեղինակները այն բացատրում են բնակչությանը: Օրենքը խախտողներին 150 եվրո տուգանք կամ «բարեկիրթ քաղաքացիների կուրսեր» են սպասվում: Իսկ նրանք, ովքեր կանանց կստիպեն փարանջա կրել, կտուգանվեն 30 հազար եվրոյով եւ մեկ տարվա ազատազրկմամբ:
Ֆրանսիայի մահմեդական բնակչությունը կազմում է ավելի քան հինգ միլիոն:





























