Դիարբեքիրի 5-րդ` ծանր հանցագործությունների գծով դատարանը, ահաբեկչական կազմակերպություն համարվող PKK-ի  օգտին քարոզչություն անելու մեղադրանքով անցնող 54 քուրդ քաղաքապետերի նկատմամբ արդարացման վճիռ է կայացրել:

Թուրքական NTV-ի փոխանցմամբ` գործով անցնող մեղադրյալների փոխարեն դատական նիստին մասնակցել է միայն նրանց փաստաբանը: Հանրապետական դատախազը պահանջել է արդարացնել բոլոր մեղադրյալներին, քանի որ նրանց արած հայտարարությունը չի պարունակում ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն:  Դատավորները, կարճ ընդմիջումից հետո, բոլոր մեղադրյալների նկատմամբ արդարացման վճիռ են կայացրել:

Նշենք, որ 2007-ին «Հարավ-արեւելյան լրագրողների միության» հետ համատեղ 54 քուրդ քաղաքապետեր հանդես էին եկել Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանին թունավորելու վերաբերյալ հայտարարությամբ: Այդ հայտարարությունն էլ առիթ էր հանդիսացել քուրդ քաղաքապետերի նկատմամբ դատական հայցեր ներկայացնելու:

Հիշյալ քուրդ քաղաքապետերի մեջ էր Դիարբեքիրի ներկայիս քաղաքապետ Օսման Բայդեմիրը: