ԱՄՆ արդարադատության նախարարությունը ծրագրում է հայց ներկայացնել BP («Բրիթիշ պետրոլիում») ընկերության դեմ:
Վերջնական որոշումն առայժմ չի կայացվել, սակայն նախարարությունը լրջորեն մտածում է BP-ից բնապահպանական աղետի համար փոխհատուցում պահանջելու մասին: Եթե դատարանում պարզվի, որ ընկերության աշխատակիցների մեղքով է եղել արտահոսքը, BP-ին 17,6 մլրդ դոլարի տուգանք է սպառնում:
Սեպտեմբերի 9-ին բրիտանական ընկերությունը հրապարակել է ներքին հետաքննության արդյունքները՝ հայտնելով, որ իր հետ միասին նավթի արտահոսքի համար պատասխանատվություն են կրում եւս մի քանի ընկերություններ: Առկա է եղել նաեւ մարդկային գործոնը: Մասնավորապես BP եւ Transocean ընկերությունների աշխատակիցները լավ չեն հաշվարկել ճնշման տվյալները:
Հիշեցնենք, որ Deepwater Horizon նավթահորում վթարը տեղի էր ունեցել ապրիլի 20-ին: Միջադեպի արդյունքում զոհվել էին 11 բանվորներ, իսկ մոտ 5 միլիոն բարել նավթ թափվել էր Մեքսիկական ծոցը:




























