Շվեյցարացի ինժեներները կատարելագործել են ռոբոտների` առարկաներ վերցնելու եղանակը: Նոր տեխնոլոգիայի ամբողջական նկարագրությունը հրապարակվել է Advanced Materials ամսագրում:

Նորարարությունը հիմնված է էլեկտրակպչունության վրա: Էլեկտրակպչունության երեւույթին ծանոթանում են  դպրոցական տարիքից. փուչիկը պատին կպցնելու  համար անհրաժեշտ է դա մազերին քսել ստատիկայի առաջացման համար:  

Ինժեներները տեղեկացնում են, որ տվյալ տեխնոլոգիան առաջին անգամ է կիրառվում ռոբոտատեխնիկայի մեջ:  Լարում տալու դեպքում մատների էլեկտրոդները մարդկային մկանների աշխատանքն են նմանակում: Հաղորդվում է, որ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ռոբոտները կարող են իրենց քաշը   80 անգամ գերազանցող առարկաներ վերցնել: Ի տարբերություն նախորդ մշակումների, ինժեներներն այլեւս կարիք չեն ունենում ռոբոտին առարկայի եւ նրա ձեւերի մասին նախնական տեղեկություններ հաղորդելու: Այժմ ռոբոտներն ի վիճակի են ցանկացած ձեւի փխրուն իրեր վերցնել` ձու, ջրով գնդիկ կամ թղթի թերթ, գրում է   Gazeta-ն:

Լոզանցի ինժեներները մտադիր են մշակված տեխնոլոգիան կիրառել սննդի արդյունաբերության մեջ, տիեզերական աղբի հավաքման կամ ձեռքերի պրոթեզների կատարելագործման համար: