Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ փետրվարի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի պատշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է հարեւան երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջեւ ձեւավորուած սերտ կապերը` գոհունակությամբ փաստելով նաեւ պետական տարբեր մակարդակներում ձեւավորված համագործակցությունը:

Խոսելով հայոց եւ վրաց եկեղեցիների հարաբերությունների մասին` Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ վիրահայության հոգեւոր կյանքում առկա խնդիրները երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն համահունչ կգտնեն իրենց անհրաժեշտ լուծումը:

Թինաթին Խիդաշելին նշել է, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու կողմից ստանձնած բացառիկ դերակատարությանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության պահպանման հրամայականներին, ներկայացվել է Վրաց բանակում եւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասավորության կողմից իրականացվող հոգեւոր ծառայության փորձառությունը: