ՆԱՏՕ-ն աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ կարծում է, որ հարցը պետք է լուծվի պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Այդ մասին Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է Հարավային կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Խոսելով միազգային կառույցներում ԼՂ վերաբերյալ Ադրբեջանի նախաձեռնությունների մասին՝ նա ընդգծել է, թե յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքը որոշել իր քաղաքականությունը, սակայն եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը կարծում է, որ նման նախաձեռնությունները բարդացնում են իր առաքելությունը, ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է համանախագահների դիրքորոշմանը:

Սիմոնսն ասել է, թե ՆԱՏՕ-ն միանում է համանախագահների հայտարարությանը, որը կողմերին հրադադարի ռեժիմը չխախտելու կոչ է անում: