Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը Հայաստանի հետ համագործակցության նոր հնարավորություններ է բացում։ Այս մասին փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Արտգործնախարարը Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերած համաձայնությունը ամենակարեւոր իրադարձություններից մեկն է համարել։ Նրա խոսքով՝ դա ձեռք է բերվել կողմերի քաղաքական կամքի եւ ճկուն դիվանագիտության շնորհիվ։
«Համաձայնության ձեռք բերումը չի կարող մեզ չուրախացնել։ Դա մեծ հնարավորություններ է բացում տարբեր ծրագրերի իրականացման համար, որոնք նախկինում ժամանակավորապես հնարավոր չէր իրագործել։ Իրանում մեծ հարգանքով են վերաբերում հայկական մշակութային ժառանգությանը, վերականգնում են հուշարձանները, եկեղեցիները, դրանք ներառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում, հարգում հայկական համայնքը։ Հայաստանն ու Իրանը շահագրգռված են հարաբերությունների խորացմամբ, եւ դրա համար մեծ ներուժ կա»,- ասել է Նալբանդյանը։




























