Հաշվի առնելով Հայաստան-ՆԱՏՕ արդյունավետ համագործակցությունը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավեր է ստացել մասնակցելու Դաշինքի՝ նոյեմբերին Լիսաբոնում կայանալիք գագաթաժողովին։ Այս մասին սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը։

Նրա խոսքով, գագաթաժողովի ընթացքում կհստակեցվի ՆԱՏՕ-ի հետագա ռազմավարությունը, եւ այդ համատեքստում Հայաստանը կարող է ներկայացնել իր դիրքորոշումը։ Նա նշեց, որ Հայաստան-ՆԱՏՕ արդյունավետ համագործակցության օրինակ են հանդիսանում Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունները։ Սիմոնսը Կոսովոյում եւ Աֆղանստանում ունեցած ավանդի համար երախտագիտություն հայտնեց Հայաստանին։ «Չնայած փոքր երկիր լինելուն՝ Հայաստանն այս գործում զգալի ավանդ ունի»,- ասաց նա։ Չինովնիկը բոլոր երկրներին կոչ արեց մասնակցել ՆԱՏՕ-ի խաղաղարար գործողություններին։ Կոչը վերաբերում էր մասնավորապես Ադրբեջանին, որը հրաժարվեց օդային միջանցք տրամադրել Աֆղանստանից Հայաստան վերադարձող հայ խաղաղապահների ինքնաթիռին։

Սիմոնսը նաեւ հայտնեց, որ ներկայումս պատրաստվում է Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի Անհատական համագործակցության երրորդ փուլը։