Մենք ցանկանում էինք Հայաստանին եւ Ադրբեջանին հաղորդագրություն ուղարկել այն մասին, որ շփման գիծը մշտական չէ, սակայն հրադադարի ռեժիմը պետք է պահել։ Այս մասին ВВС-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն։
«ԼՂ հակամարտության խաղաղ բանակցություններ մշակելիս մենք նախատեսել էինք կատարել մեծ աշխատանք։ Զորքերի շփման գիծը հատելը մտնում էր այդ ծրագրի մեջ»-ասել է Բրադկեն։ Նրա խոսքով, զորքերի շփման գծի անցումն իրականացվել է մի քանի պատճառներով։
«Առաջին հերթին, այդ քայլով մենք ուզում էինք ընդգծել, որ զորքերի շփման գիծն ինչ-որ սահման չէ, որը մեկը մյուսից անջատում է հարեւան պետությունները։ Մենք ուզում էին ցույց տալ, որ, մի օր երկու կողմերի ներկայացուցիչները ազատորեն կարող են հատել շփման գիծը։ Երկրորդ նպատակը հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը ստուգելն էր, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հարգանքը»,- ասել է նա։
Համանախագահը նշել է, որ շփման գծի երկու կողմերում էլ զրույցներ են ունեցել։
«Դրանք շատ հետաքրքիր զրույցներ էին, քանի որ երկու կողմերն էլ միմյանց հակասող տեղեկատվություն էին տալիս»-ասել է Բրադկեն։ Նա հավելել է, որ զորքերի շփման գծում քաղաքացիներ չեն ապրում։ «Դա տարածք է, որտեղ քաղաքացիներ չկան։ Ես չգիտեմ մեր առաքելությունը որեւէ բան կփոխի՞, թե` ոչ, սակայն դա հաղորդագրություն էր ուղարկված բոլոր կողմերին։ Հաղորդագրությունն այն է, որ շփման գիծը մշտական չի, սակայն հրադադարի ռեժիմին պետք է հետեւել»։
Մենք երկու կողմերին էլ հայտարարում ենք, որ հրադադարի խախտման դեպքերին պետք է վերջ դրվի։ Հրադադարի ռեժիմի ուժեղացման կարեւորության մասին զրույցներ մենք ունեցել ենք Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում։ Սակայն պետք է անկեղծ լինեմ, այդ տարածք անհնար կլինի անմիջապես խաղաղապահ ուժեր տեղակայել։ Մենք զգացինք, որ կողմերց ոչ մեկն էլ դա չի ուզում»։





























