Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի իշխանությունները երբեւէ չեն ունեցել ինքնուրույն քաղաքականություն, հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը՝ այսօր՝ սեպտեմբերի 15-ին հրավիրված ասուլիսում: «Անկախության բացակայության հետեւանքով, Հայաստանը եւ ԼՂՀ-ն չունեն ինքնուրույն քաղաքականություն: Մեր քաղաքականությունը զուտ արձագանքն է ուրիշների առաջարկներին, որոնց նպատակները որեւէ կապ չունեն ո՜չ ԼՂ-ի, ո՜չ Հայաստանի եւ ո՜չ էլ Ադրբեջանի նպատակների, մղումների հետ»,-ասաց Մանուչարյանը:

Ըստ նրա՝ հայկական կողմն սկսել է մտածել ու հասկանալ, որ պետք է ինքնուրույն քայլեր անել: «Այն ինքնուրույն բաները, որոնք այսօր առաջարկվում են որոշ ուժերի կողմից, շատ ժամանակ սաղմնային են եւ բացարձակապես մրցունակ չեն: Բայց կարեւորը՝ այդ սկիզբը կա, եւ այն պետք է շարունակական զարգացում ունենա»,-նկատեց Մանուչարյանը: Նա նաեւ հավելեց, որ աշխարհակալ ուժերը թեեւ չունեն ԼՂ խնդրի կարգավորման բանալիները, սակայն  շարունակում են կոնֆլիկտի կողմերին իրենց լուծումները թելադրել: