Ռուսաստանի Լենինգրադի երկրամասում փոխհրաձգության ժամանակ սպանված Հրայր Վարդանյանը Լոռու մարզի Կաթնաջուր համայնքից էր, ընտանիքի հետ պարբերաբար մեկնում էր ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կաթնաջուրի գյուղապետ Արմեն Պապոյանը:

«Աշնանն էլ ընտանիքով այստեղ էին, հետո Հրայրը մեկնեց, բայց կինը մնաց մեզ մոտ: Երկար տարիներ ընտանիքով գնում, գալիս էին, եւ այստեղ էին ապրում, եւ այնտեղ»,- ասաց գյուղապետը:

Հրայր Վարդանյանը, ըստ գյուղապետի, զբաղվում էր մանրածախ առեւտրով:

Նշենք, որ սպանված գործարարի դին առաջիկայում կտեղափոխեն Հայաստան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. հունվարի 31-ին երեկոյան ավտոսերվիսի հարեւանությամբ գտնվող ավտոտնակներին է մոտեցել սեւ Mercedes՝ 444 համարանիշով, որից էլ կրակ է բացվել ավտոսերվիսում գտնվողների ուղղությամբ:

Ականատեսի պատմելով՝ սրահում գտնվողները եւս զինված են եղել:

Պարզվել է, որ հրաձգության հետեւանքով սպանվել են 60-ամյա Հրայր Վարդանյանը եւ 45-ամյա Արմեն Խուրշուդյանը: Հիվանդանոցում են գտնվում 26-ամյա Վախթանգ Սարգսյանը եւ 50-ամյա տղամարդ, որի ինքնությունը դեռեւս հայտնի չէ: