Պատժամիջոցների վերացումից հետո Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն է առաջանում: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Խոսքը եւ տնտեսական, եւ մշակութային հարաբերությունների մասին է: Այս դաշտը մեզ համար շատ կարեւոր է, Հայաստանն ունի Իրանի համար մշակութային զգալի գրավչություն: Իրանցիների կողմից մեր երկիրը ընկալվում է որպես եվրոպական երկիր, մենք Եվրոպայի մարմնավորում ենք իրանական աշխարհայացքում, պետք է օգտագործենք դա ու հավուր պատշաճի ներկայացնենք Հայաստանը»,- ասաց իրանագետը:
Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանը գրավիչ է իրանցիների համար, հատկապես որ նրանք Վրաստան մուտք գործելու խնդիր ունեն: Նա հորդորեց չվախենալ, թե իրանցիների՝ թվաքանակով շատանալը Հայաստանում կարող է վատ անդրադարձ ունենալ:
«Որեւէ վտանգ չեմ տեսնում, վախենալ պետք չի, թե իրանցիները շուտով կողողեն Հայաստանը, կամուսնանան մեր աղջիկների հետ, նման բան չկա: Հայաստանը ողողելու են մեր հարեւան երկրներից, Ֆրանսիայից չեն գալու ողողեն: Մենք այդ կերպ պետք է փորձենք ապահովել մեր երկրի տնտեսությունը»,- ասաց նա՝ նշելով, որ իրանցիների մեջ ահաբեկիչներ չկան, այդ առումով նույնպես պետք է հանգիստ լինել:



























