Հոլիվուդում աշխատող հայազգի Ռոջեր Կուպելյանը, ով ընդգրկված է եղել շուրջ 50 հոլիվուդյան ֆիլմերի արտադրությունում, այդ թվում՝ «Մատանիների տիրակալը» եռապատումը եւ «Տերմինատոր 4»-ը եւ այլն, եղբոր՝ Արմեն Կուպելյանի հետ միասին Հոլիվուդում ձեռնարկել են Վարդան Մամիկոնյանի մասին պատմական ֆիլմի ստեղծումը։
Fugitive Studios Entertainment ընկերության ղեկավարներ` Կուպելյան եղբայրների ֆիլմի տեսահոլովակի (թրեյլերը) հայաստանյան շնորհանդեսը տեղի կունենա հենց «ՌեԱնիմանիա 2010» միջազգային անիմացիոն կինոփառատոնի MarAni բիզնես- ֆորումի ժամանակ։
Կուպելյան եղբայրներն արդեն յոթ տարի է աշխատում են Վարդան Մամիկոնյանի մասին պատմող ֆիլմի սցենարի եւ նախապատրաստական աշխատանքների վրա, բանակցություններ են վարել հոլիվուդյան հայտնի ստուդիաների հետ։
Ֆիլմի ստեղծման գաղափարը շատերին է հետաքրքրել՝ անգամ օսկարակիր դերասանների, հայտնի ֆիլմ արտադրող ստուդիաների՝ այդ թվում Մել Գիպսոնի M power production ընկերությանը եւ մի շարք այլ ստուդիաների, որոնք համագործակցության ցանկություն են հայտնել, սակայն, այդուամենայնիվ, ֆիլմի նկարահանման աշխատանքները դեռեւս չեն սկսել։ Fugitive Studios Entertainment գործառնական տնօրեն, ֆիլմի հեղինակներից Արմեն Կուպելյանը NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց, որ արդեն յոթ տարի է աշխատում են ֆիլմի վրա, ստեղծել են ֆիլմի տեսահոլովակը (թրեյլերը), սակայն, բուն ֆիլմի նկարահանման համար անհրաժեշտ է 40-50 մլն դոլար, որը դեռեւս չի գտնվել։
Ա. Կուպելյանի խոսքով՝ որեւէ արտասահմանյան ֆիլմարտադրող ստուդիա, որը ցանկանում է համագործակցել եւ որոշակի ֆինանս տրամադրել ֆիլմի նկարահանման համար, նախ եւ առաջ ցանկանում է, որպեսզի 40-50 տոկոս ֆինանսավորումն արդեն լինի, իսկ մնացած գումարը ինքն է հատկացնում։
«Մեր երիտասարդությանը հերոս է պետք, իսկ հայության մեջ մենք ունենք այնպիսի հերոսներ, որոնք դժբախտաբար ճիշտ ձեւով չենք չներկայացնենք, իսկ արդյունքում երիտասարդները հերոսներ են փնտրում դրսում»,-ասաց Ա. Կուպելյանը՝ հավելելով, որ ֆիլմի կարեւոր է հատկապես հայ երիտասարդների համար, ու նաեւ հնարավորություն է օտարներին մեր եւ մեր պատմության մասին տեղեկացնելու։
Ա. Կուպելյանի խոսքով՝ ուրիշ երկրների կառավարությունները՝ օրինակ՝ Ռումինիա, Բուլղարիա, ավելի հետաքրքրված են այս նախագծի իրականացմամբ, Ռումինիայի կառավարությունը անգամ հրավիրել է այնտեղ նկարահանումներ իրականացնելու, սակայն հայ ֆիլմարտադրողները նախընտրում են ֆիլմը նկարահանել հենց Հայաստանում, եւ ֆիլմի ստեղծման աշխատանքներում օգտագործել հայերին:
«Հետաքրքրական է, որ ուրիշ երկրների կառավարությունները ավելի հետաքրքրված են ֆիլմի ստեղծմամբ, քան մեր կառավարությունը»,-ասաց Ա. Կուպելյանը՝ հավելելով, որ մինչեւ անգամ «Խիզախ սիրտը» կամ «Գլադիատորը» ֆիլմերում նկարահանված հայ դերասանները մեծ ցանկություն ունեն եւ ոգեւորված են այս գաղափարով։




























