Սահմանադրության բարեփոխումները կառավարությունից վստահության մեծ վարկ կպահանջեն: Այդ մասին  փետրվարի 3-ին կառավարական ժամին հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին:   

Սահմանադրության 2005 թվականի խմբագրմամբ նախագահը վարչապետի պաշտոնին առաջարկում է պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի, իսկ եթե դա  անհնար է,  առավելագույն քանակի պատգամավորի վստահությունը: 

«Նոր սահմանադրությունը լրիվ այլ է: Նոր կառավարության ձեւավորման համար անհրաժեշտ կլինի պատգամավորների  ձայների բացարձակ մեծամասնություն: Չկա վստահություն, չկա կառավարություն: Այդ ժամանակ խորհրդարանին կառավարություն ձեւավորելու եւս մեկ շանս կտան, իսկ եթե ոչ, կներեք, պետք կլինի քաղաքական նոր գունապնակ ձեւավորել  », - հավելել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որը հաստատել է անցումը պետական կառավարման խորհրդարանական ձեւին: Խորհրդարանական ընտրությունները պիտի տեղի ունենան  2017-ին: