Հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության գործով հետախուզման մեջ գտնվող գլխավոր կասկածյալ Արթուր Բաբայանը, միջադեպի մեկ այլ մասնակից՝ Խորեն Խաչիկյանը եւ հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը դեռեւս չեն հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Ինքնակամ ոստիկանության Վաղարշապատի բաժին ներկայացած, գործով մեղադրյալներ Արմեն Պառավյանը եւ Գառնիկ Գրիգորյանը բացատրական աշխատանքներից հետո միջադեպից մանրամասներ են պատմել:
Արմեն Պառավյանը մասնավորապես նշել է, որ վիճաբանությունը ծագել է ռեստորանում տեղ չհատկացնելու պատճառով:
«Ով հրահրեց, չեմ կարա ասեմ, բայց վիճաբանությունը ծագել ա տեղ չհատկացնելու հետ կապված: Վիճաբանությունից հետո եղել ա քաշքշուկ եւ սկսվել ա ծեծկռտուք՝ մեզ ծեծել են»,-պատմել է Պառավյանը:
Գործով կասկածյալ Գառնիկ Գրիգորյանը իր հերթին պատմել է, որ ռեստորանում սեղանի շուրջ նստելուց րոպեներ անց մի անծանոթ մոտեցել է իրեն, դուրս է հրավիրել իրենց ընկերից մեկին եւ սկսել հարվածներ հասցնել վերջինին:
«Դեռ 5 րոպե չնստած ճաշկերույթին մի անծանոթ դուռը բացել ա, դուրս ա հրավիրել տղաներից մեկին, ու փայտով խփել են գլխին, ընկել ա գետնին, այնուհետեւ Դավիթին են խփել, ես առաջացել եմ, որ Դավիթին օգնություն ցույց տամ, էդ ժամանակ ինձ են խփել: Դավիթին օգնություն եմ ցույց տվել, դուրս ենք եկել, ու էդ ժամանակ դմփդմփոց եմ լսել ու չեմ իմացել՝ ով, ինչի համար ա կրակում»,-բաժնում ասել է Գրիգորյանը:
Ականատեսը, սակայն, այլ կերպ է ներկայացնում մեղադրյալների պահվածքը:
«Մտել են ներս ու շատ ագրեսիվ հայհոյանքներով: Աշխատակիցներից մեկը պահանջել է դուրս գալ, նրանք էլ սկսեցին նորից հայհոյել, իրենց լկտի պահել: Ներսից հարվածի ձայն եմ լսել ու էդտեղից հնչել ա կրակոցները, վիճաբանությունը էդպես է սկսվել»,-պատմել է ականատեսը:
Դեպքին վերաբերող մյուս հարցերի պատասխանները կտրվեն նախաքննությամբ, որը իրականացնում է Վաղարշապատի քննչական բաժինը:
Շարունակվում են հետախուզական միջոցառումները Արթուր Բաբայանին, Խորեն Խաչիկյանին, ինչպես նաեւ հանցագործության գործիք հանդիսացող զենքը հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում հնչած կրակոցներից մահացել էր Տարոնիկի 22-ամյա բնակիչ Արամ Կարապետյանը: Հրազենային վնասվածք էր ստացել նաեւ Տարոնիկ համայնքի գյուղապետ Արմեն Խլղաթյանը:
Նախնական քննության տվյալներով` Ա.Կարապետյանն սպանվել է վիճաբանության ընթացքում դրա մասնակիցներից մեկի` 31-ամյա Ա.Բաբայանի կողմից հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Հունվարի 7-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն՝ խուլիգանական դրդումներով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը):
Ս.Թովմասյանը, Ա.Բաբայանը հետախուզման մեջ են: Խ.Խաչիկյանը եւ Ա.Պառավյանը ներկայացել են ոստիկանություն: Ա.Պառավյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դ.Հասրաթյանը եւ Գ.Գրիգորյանը, ովքեր ցուցմունք են տվել, որ դեպքի օրն իրենց ընկեր Արթուրի կանչով գնացել են նշված ռեստորանային համալիր։ Որպես կասկածյալ հարցաքննության ընթացքում նրանք հայտարարել են, որ նշված համալիրում իրենց նկատմամբ կիրառվել են բռնություններ, ինչի հետեւանքով ստացել են կոտրվածքներ։ Դ.Հասրաթյանի եւ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:











