Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների նախագծի հասարակական քննարկումների փուլը։ Այսօր` սեպտեմբերի 15-ին, այդ նպատակով գործարարների հետ կազմակերպվեց քննարկում, որին ներկա էին նաեւ լրագրողներ։ Մենք հնարավորություն ստացանք լսելու միայն պետության ներկայացուցիչների տեսակետները, քանի որ, պարզվում է, լրագրողների ներկայությամբ գործարարները «անկաշկանդ» արտահայտվել չեն կարողանում։ Մի քանի համառոտ ելույթից եւ հարցուպատասխանից հետո լրագրողներին դուրս հրավիրեցին դահլիճից։
Լսումներին ներկա գործարարները ներկայացնում էին Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միությունը, սակայն չի կարելի ասել, որ այն ընդհանրացնում է գործարար շրջանակների ընդհանուր տեսակետը։ Միությունն ավելի շատ հայտնի է իր լոբբիստական գործունեությամբ եւ կառավարության քաղաքականության աջակցությամբ, ուստի ինչ-որ առումով քննարկումը իմիտացիոն բնույթ էր կրում։
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ գործող օրենքի փոփոխությունները Համաշխարհային բանկի պահանջներից է, եւ այդ պահաանջները ձեւակերպվել են վարկի տրամադրման ընթացքում։ Նախագիծը պատրաստվել է ՀԲ փորձագետների խորհրդատվությամբ, սակայն հաշվի են առնվել նաեւ տեղական իրողությունները։ Որպես խորհրդատու հանդես են եկել նաեւ GTZ-ի (Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության գրասենյակ) փորձագետները։



























