«Նաբուկո» գազամուղի կառավարման կոնսորցիումը հուսով է, որ այդ գազամուղը արդեն 2015 թ. կսկսի գազ առաքել դեպի Եվրոպա։ Այդ մասին հաղորդում է ադրբեջանական Trend-ը։ «Մենք սպասում ենք, որ գազն առաջին անգամ «Նաբուկո» կմտնի 2015 թ. վերջին՝ Ադրբեջանից եւ Իրաքից»,- Բաքվում հայտարարել է կոնսորցիումի կառավարող տնօրեն Ռեյնհարդ Միտչեկը։ Նշենք, որ առաջին անգամ է Իրաքը նշվում որպես գազ մատակարող երկիր։ Ի սկզբանե «Նաբուկոն» նախատեսված էր Իրանի գազը գնելու համար, սակյան իրանական ատոմային ծրագրի շուրջ կոնֆլիկտի պատճառով 2006 թ. որոշում ընդունվեց «Նաբուկոյի» միջոցով Եվրոպա մղել Կենտրոնական Ասիայի գազը։ Միտչեկի հայտարարությունը կարելի է նաեւ համարել Վլ. Պուտինի մինչ այդ կատարած հայտարարության պատասխանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Վլ. Պուտինը սեպտեմբերի 6-ին «Վալդայ» ակումբի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Նաբուկոն» հաջողության քիչ շանս ունի։ Ըստ Պուտինի՝ պարզ չէ, թե ինչ աղբյուրներից է լցվելու այդ գազամուղը, քանի որ Իրանում գազի հանքերը դեռ չեն մշակվում, Ադրբեջանը գազ քիչ ունի եւ դա վաճառելու է Ռուսաստանին, իսկ Թուրքմենստանը մտադիր է իր գազը վաճառել Չինաստանին։ Այսպիսով՝ Պուտինի քննադատությունը ազդել է «Նաբուկոյի» կազմակերպիչների վրա, որոնք Թուրքմենստանից «ձեռք են քաշել»։

Ռ. Միտչեկի տեղեկացմամբ՝ 7,9 մլրդ արժողությամբ գազամուղի շինարարությունը նախատեսվում է սկսել 2011 թ.։ Նրա առավելագույն թողունակությունը պետք է կազմի տարեկան 31 մլրդ խմ։ Շինարարությունը պետք է իրականացվի 2 հիմնական փուլերով։ Առաջին փուլում կկառուցվի թուրքական սահմանից մինչեւ ավստրիական Բաումհարտեն ձգվող ճյուղը 2 հազ. կմ երկարությամբ։ Երկրորդ փուլում (2014-15 թ.թ.) ենթադրվում է գազամուղի մնացյալ հատվածի շինարարությունը՝ Թուրքիայի եւ Վրաստանի եւ Թուրքիայի ու Իրաքի սահմանով։