Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի փոփոխություններով կառավարությունը նախատեսում է ընդլայնել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավասությունները, ինչպես նաեւ՝ խստացնել մրցակցային կանոնների խախտման տուգանքները։ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այսօր` սեպտեմբերի 15-ին, լրագրողներին տեղեկացրեց, որ Հանձնաժողովը կստանա ստուգումների իրավասություն եւ, ընդհանուր առմամբ, կընդլայնի իր վերահսկողական գործառույթները։ Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դրանք տարբերակվելու են՝ ոմանց համար կխստացվեն, ոմանց համար՝ կմեղմացվեն։ Եթե գործող օրենքով, անբարեխիղճ մրցակցության համար տուգանքը կազմում է 500 հազ. դրամ, ապա առաջարկվող նախագծով՝ 300 հազ. դրամ կամ հասույթի 0,1 տոկոսը։
Եթե հաշվի առնենք, որ հանրապետության խոշորագույն տնտեսվարող «Ալեքս Գրիգի» տարեկան հասույթը կազմում է մոտ 70 մլրդ դրամ (մոտ 190 մլն դոլար), ապա հենց միայն այս հոդվածով նա կարող է տուգանվել 70 մլն դրամ։ Չմոռանանք, որ «Ալեքս Գրիգը» մյուս ընկերությունների համեմատ ամենաշատն է տուգանվել այս հոդվածով՝ հիմնականում այլ անձանց պատկանող ապրանքանիշերը ապօրինի օգտագործելու եւ սպառողներին մոլորության մեջ գցելու համար։ Իսկ ոչ մեծ ընկերությունները, ընդհակառակը, ավելի քիչ կտուգանվեն՝ ընդամենը 300 հազ. դրամ (մոտ 810 դոլար)։
Հակամրցակցային համաձայնություն կնքելու եւ գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանքը գործող օրենքով կազմում է նախորդ տարվա հասույթի 2 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 300 մլն դրամը (մոտ 810 հազ. դոլար)։ Առաջարկվում է այդ շեմը բարձրացնել մինչեւ 5 տոկոս՝ բայց ոչ ավելի, քան 500 մլն դրամ (մոտ 1,3 մլն դոլար)։





























