Մարդու իրավունքների եվրոպական դատարանում` «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով քննության ընթացքում, ադրբեջանցի դիմումատուների պաշտպաններն ու երրորդ կողմ հանդիսացող Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները չեն հերքել հայկական կողմի ներկայացրած փաստարկները: Այդ մասին գործի քննության ավարտից հետո հայտարարել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

Ըստ Կոստանյանի, ադրբեջանցիների պնդումներն էմոցիոնալ էին եւ չէին կարող հանգեցնել իրենց հայցով հանգամանքների հիմնավորմանը: Իրավական առումով նրանք չհերքեցին Հայաստանի ներկայացրած փաստարկները»:

Նշենք, որ այսօր ՄԻԵԴ-ում սկսվել է  երկու գործի քննությունը: «Չիրագովներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով հայցվոր ադրբեջանցի ընտանիքը պնդում է, որ «հայկական օկուպացիայի» հետեւանքով Լաչինում կորցրել է իր տունը, ունեցվածքը եւ զրկվել այն տեսանելի ապագայում օգտագործելու, ժառանգելու կամ զարգացնելու հնարավորությունից, քանի որ Հայաստանի կառավարությունը շարունակում է մերժել նրանց դիմումները` Լաչին վերադառնալու վերաբերյալ։

Մյուսը ներկայացրել է Շահումյանի շրջանի Գյուլիստան բնակիչ Մինաս Սարգսյանի ընտանիքը, որը 1992թ. հունիսին ստիպված է եղել լքել իր հայրենի գյուղը եւ փասխատական դառնալ: Սարգսյանները փոխհատուցում են պահանջում փախուստի ժամանակ իրենց գույքի կորստի համար:

Նրանք նշել են, որ Ադրբեջանի Հանրապետությունը պատասխանատվություն է կրում նաեւ գյուղի մշակույթի հուշարձանների, իրենց նախնիների գերեզմանների ավիրման համար: