Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 15-ին ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող տարերային աղետների հետեւանքների վերացման «Արմենիա-2010» դաշտային վարժանքին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամկետն առաջիկայում ավարտող պարոն Սիմոնսին` ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության զարգացման գործում անձնական ներդրման, երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքի համար:
Նա ընդգծել է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին ՆԱՏՕ-ի աջակցության կարեւորությունը եւ նշել, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2009թ. փուլը դրական է գնահատվել նաեւ բարեփոխումների տեսանկյունից: ՀՀ նախագահը գոհունակությամբ է խոսել քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին եւ ասել, որ «Արմենիա-2010» դաշտային վարժանքի հաջող անցկացումը արդյունավետ համագործակցության լավ օրինակներից է: Ըստ երկրի ղեկավարի, նման վարժանքները սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող Հայաստանի համար չափազանց կարեւոր եւ արդիական են:
Ռոբերտ Սիմոնսի խոսքով` Հայաստանում անցկացվող դաշտային վարժանքը շատ լավ է կազմակերպված, ինչը, նրա հավաստմամբ, երկկողմ արդյունավետ աշխատանքի արդյունք է: «Քաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորումը մեր համագործակցության կարեւոր ոլորտներից մեկն է: Մենք միշտ ուշադրություն ենք դարձնում դրան, ինչի վկայությունն այս վարժանքն է: Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մյուս շրջափուլի ժամանակ, կարծում եմ, կշարունակենք այս կարգի միջոցառումներ իրականացնել: Ցանկանում եմ նաեւ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ` Աֆղանստանում եւ Կոսովոյում մեր խաղաղապահ գործողություններին օժանդակելու համար եւ այդ կապակցությամբ, շատ կարեւոր կլիներ Ձեզ տեսնել Լիսաբոնում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ կարեւոր որոշումներ են կայացվելու հետագայի վերաբերյալ»,-ասել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:





























