«Հայ Ասպետ» հայկական մանկական ինտելեկտուալ հեռուստաշոուի հաղթողները, որոնց թուրք ոստիկանները օգոստոս ամսին արգելել էին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մոմ վառել եւ աղոթել, բողոք-նամակ են հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Փայիփ Էրդողանին: Ստորեւէ ներկայացնում ենք նամակը:

«Մենք մի խումբ պատանիներ ենք Հայաստանից եւ Եվրոպայից, ովքեր ուսումնասիրում են Փոքր Ասիայի պատմությունը։ Այս տարվա օգոստոսին մենք մեկնեցինք շրջագայության Արեւելյան Անատոլիա։ Այնտեղ, ցավալիորեն, տեսանք բազում հայկական հուշարձաններ ու վանքեր, որոնք ավերված էին: Այդ տարածաշրջանում ամբողջական մնացած միակ հուշարձանը Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ խաչ վանքն է, որը 10-րդ դարի հայ ճարտարապետության եւ արվեստի գլուխգործոցներից է:

Ժամանելով Աղթամար` այնտեղ հանդիպեցինք թուրք ոստիկանների կոպիտ ու բռի վերաբերմունքին: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկների աչքի առաջ ոստիկանները մեզ դուրս վռնդեցին եկեղեցուց` վախեցած մեր բարձրաձայն աղոթքից: Մեզ չթողեցին անգամ մոմ վառել, ինչպես կարգն է Հայոց առաքելական սուրբ եկեղեցում: Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին` Ձեր կառավարության կողմից ի ցույց ամբողջ աշխարհին թույլատրված Հայոց պատարագ մատուցելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ:

Պարոն վարչապետ,

Թերթերում Ձեր մասին գրում են, որ Դուք հավատացյալ եք, քարոզում եք հոգեւոր արժեքներ: Անգամ կարդացել ենք, որ Դուք ժամանակին ազատազրկված եք եղել կրոնական ոտանավոր արտասանելու համար:

Մենք չենք հասկանում, թե ինչո՞ւ են նման մարդու ղեկավարած երկրի ոստիկանները խոչընդոտում քրիստոնյա երեխաների աղոթքին, ինչո՞ւ են այդ ոստիկանները նյարդայնանում ու բռնանում պատանիների հանդեպ: Մեր միակ «հանցագործությունը» եկեղեցում հոգեւոր երգ ու աղոթք բարձրաձայնելն էր:

Մենք ուզում ենք հարցնել Ձեզ` ինչո՞ւ հոգեւոր արժեքների մասին խոսող Ձեր կառավարությունը թույլ չի տալիս խաչ տեղադրել այդ եկեղեցու գմբեթին, եւ այդպիսով կասկածի տակ է դնում այս տարվա սեպտեմբերի 19-ին պատարագ մատուցելու իր անկեղծությունը: Արդյո՞ք մեր աղոթքը կամ գմբեթի խաչը սպառնալիք են Ձեր երկրին: Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում 21-րդ դարում, մի երկրում, որը Եվրոպայի խորհրդի անդամ է եւ ցանկանում է Եվրոպական միության անդամ դառնալ:

Մենք անձամբ եղանք Ձեր երկրում տիրող այդ անհասկանալի կարգերի ու բռնության ականատեսը: Ձեր ոստիկանների վարքը հարիր չէ ժամանակակից աշխարհին: Անցել են այլեւս այն ժամանակները, երբ  աշխարհում տիրում էր բիրտ ուժը։ Այսօր աշխարհում կան օրենքներ, որոնք պաշտպանում են մարդու եւ երեխաներիս իրավունքները: Այդ թվում նաեւ` աշխարհի որեւէ վայրում հոգեւոր երգ կամ աղոթք անելու մեր իրավունքը»։

Ավելի վաղ NEWS.am-ը զրուցել էր Սուրբ Խաչ այցելած եւ ոստիկանների բռի վերաբերմունքի ականատես «Հայ ասպետ» հեռուստախաղի հիմնադիր եւ հաղորդավար Կարին Տոնոյանի հետ, ով պատմել էր Սուրբ Խաչում իրենց հետ տեղի ունեցածի մասին: «Երբ Սուրբ Խաչում էինք, մոմեր հանեցինք, որ վառենք, թուրք ոստիկանն արգելեց՝ ասելով, որ «սա թանգարան է եւ պատերը մրոտվում են»: Այդ ժամանակ ես երեխաներին  ասացի, որ մոմերը վառած կանգնեն եկեղեցու մեջտեղում, այդպես պատերը չեն մրվի, եւ սկսեն աղոթել ու «Տեր ողորմյան երգել»։ Սկսեցինք աղոթել, սակայն այդ պահին եկավ ոստիկանը  եւ սկսեց գոռգոռալ, որ «կտրենք ձայները եւ դուրս գանք եկեղեցուց։ Սակայն երեխաները շարունակեցին երգել։ Միայն տուրիստական գործակալության ղեկավարի խնդրանքից հետո դուրս եկանք, քանի որ ոստիկանը շատ զայրացած էր եւ մարդ ուղարկեց, որպեսզի մյուս ոստիկանին կանչի»,- պատմել էր Կարին Տոնոյանը, հավելելով, որ երեխաները երգելով դուրս եկան եւ շարունակեցին իրենց երգը Սուրբ Խաչի դիմաց գտնվող կիսավեր խորանի մոտ։ «Ամբողջ խումբը արտասվում էր, չափից ավելի վիրավորական էր, այդպիսի վիրավորանք ես երբեւէ չէի ապրել»,- վրդովված ասել էր «Հայ ասպետի» հաղորդավարը՝ հավելելով, որ թուրք ոստիկանները արգելել են իրենց նաեւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հետեւում գտնվող գերեզմանաքարերի եւ խաչքարերի մոտ խունկ վառել։ Նրա խոսքով, «Հայ ասպետի» մասնակիցներին արգելել էին նաեւ հայկական դրոշով պարել Սուրբ Խաչի առջեւ։

Ի դեպ անցած տարի եւս «Հայ ասպետ» հեռուստախաղի հաղթողները մեկնել էին Արեւմտյան Հայաստան։ Նրանք եղել էին Անիի եկեղեցիներից մեկում, ուր քահանայի հետ փորձել են խաղողօրհնեքի ծես իրականացրել, սակայն թուրք ոստիկաններն այս անգամ եւս նրանց շրջապատել եւ արգելել էին։