«Արմբիոտեխնոլոգիա» կենտրոնի՝ ոչ սպիտակուցային ամինաթթուների ստացման տեխնոլոգիայով դեղագործական խոշոր ընկերություններ են հետաքրքրված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Արմբիոտեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր Աշոտ Սաղիյանը:
Տեխնոլոգիան թույլ է տալիս նյութում անհրաժեշտ իզոմեր ստանալ, որը կարող է օգտագործվել հակավիրուսային, նարկոլոգիական եւ ուռուցքաբանական դեղամիջոցներում:
Համագործակցության շուրջ բանակցություններ են ընթանում, մասնավորապես, Novartis եւ Procter&Gamble կորպորացիաների հետ: Հնարավոր գործընկերների հետ կենտրոնը քննարկում է նաեւ համատեղ ձեռնարկություն ստեղծելու գաղափարը: «Մեզ առաջարկում են վաճառել տեխնոլոգիան, բայց մենք չենք ցանկանում: Այնքան էլ շահավետ չէ, հասկանում եք»,- նշել է Սաղիյանը:
Կենտրոնն արդեն պատենտավորել է նյութը եւ այն թողարկում է ոչ մեծ քանակությամբ՝ տարեկան մի քանի հազար դոլարի: Ընկերությունը ծրագրում է արտադրությունը հասցնել հարյուր հազարավոր դոլարների: «Դրա համար արտադրական հզորություններ են պետք, իսկ մենք հոսքագիծ չունենք: Ինքնուրույն ձեռք բերելը նույնպես տարբերակ է: Ամեն դեպքում, ավելի լավ է ինքնուրույն աշխատենք, քան տեխնոլոգիան ուրիշի վաճառենք»,- հավելեց Սաղիյանը:



























