Ռուսաստանի գլխավոր դատախազությունում հայտնաբերել են Բորիս Բերեզովսկու բոլոր արտասահմանյան ակտիվները: Դրանց ընդհանուր գումարը կազմում է 300 մլն ֆունտ ստերլինգ (շուրջ 462 մլն դոլար): ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի խոսքով, դատախազությունն ամեն ինչ անելու է այդ գումարները վերադարձնելու համար, հաղորդում է RBC-ն:
Ռուսաստանի նորությունների ծառայությունն, իր հերթին, հայտնում է, որ փախուստի մեջ գտնվող գործարարի արտասահմանյան ակտիվները գտնվում են միայն Եվրոպայում:
ՌԴ իրավապահները շարունակում են Բերեզովսկու եւ նրա համախոհների կողմից ռուսական ընկերություններից գողացված միջոցները վերադարձնելու գործընթացը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 14-ին ՌԴ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ վերադարձրել է «Բերեզովսկու հանցավոր գործունեության բազմաթիվ դրվագներից մեկով» գողացված միջոցները: Գլխավոր դատախազության հարցումով Շվեյցարիայի իշխանություններն արդեն ավիաընկերության օգտին կոնֆիսկացրել են 58 մլն շվեյցարական ֆրանկ: Ռուսաստանում էլ մտադիր են վերադարձնել «Ավտովազ»-ից Բերեզովսկու գողացած 60 մլրդ դոլարից ավելի գումարը:




























