Լատինամերիկյան երաժշտական արվեստների եւ գիտության ակադեմիան իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոյին ճանաչել է «տարվա մարդ»: Մրցանակը նրան կհանձնվի նոյեմբերի 10-ին` նրա 69-ամյակի օրը, Լաս-Վեգասում, հանդիսավոր արարողության ժամանակ` լատինամերիկյան «Գրեմմի» մրցանակաբաշխության նախօրեին:
Ակադեմիայի ներկայացուցիչների խոսքով, այդ մրցանակով իրենք փորձել են շեշտել Դոմինգոյի պրոֆեսիոնալ եւ ֆիլանտրոպիկ ձեռքբերումները: «Տարվա մարդ» մրցանակին են արժանացել նաեւ Գլորիա Էստեֆանը, Խուլիո Իգլեսիասը, Ռիկի Մարտինը եւ Կարլոս Սանտանան:
Իր կարիերան Դոմինգոն սկսել է 1968-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն-Օպերա թատրոնում, որտեղ նա երգել է 21 թատերաշրջան:Ապա նա շրջագայել է ամբողջ աշխարհով` «Երեք տենոր» նախագծի շրջանակներում` Լուչանո Պավարոտտիի եւ Խոսե Կարերասի հետ միասին:
Պլաչիդո Դոմինգոն հայտնի է նաեւ որպես օպերային երգիչների Operalia մրցութի հիմնադիր: Բացի այդ, նա կազմակերպել է բարեգործական համերգներ` օգնելու համար Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից եւ ԱՄՆ-ում «Կատրինա» փոթորկից տուժածներին:





























