Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի հանդիսավոր բացումը կայացել է այսօր` սեպտեմբերի 15-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Թատերական գործիչների միության ղեկավար Հակոբ Ղազանչյանը: Նրա խոսքով, փառատոնի ամենանշանակալի իրադարձությունը կարելի է համարել WARUM, WARUM ներկայացման երեւանյան պրեմիերան, որը կներկայացնի Ցյուրիխի դրամատիկական թատրոնը` Փիտեր Բրուքի բեմադրմամբ:

«Մենք ունինք լուրջ ֆինանսական խնդիրներ, ես, ընդհանրապես, վախենում էի, որ փառատոնը  կարող է չկայանալ, սակայն ամեն ինչ հարթվեց»,- ասել է Ղազանչյանը:

Նշենք, որ փառատոնի ընթացքում հայ հանդիսատեսը կարող է դիտել մի շարք արտասահմանյան ներկայացումներ, այդ թվում Կապլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիսոս Կեսարը», Թումանյանի անվան Երեւանի տիկնիկային թատրոնի «Սխալների կատակերգությունը», իտալական Ինստաբիլի  Վագանտի թատրոնի Lenz-ը եւ այլն:

Ընդհանուր առմամբ, փառատոնի ընթացքում ներկայացումներ կցուցադրվեն 10 թատրոններ Հայաստանից, Իտալիայից, Ռուսաստանից եւ Գերմանիայից: