Այս տարվա աշնանը ասպարեզ կգա նոր սոցիալական ցանց, որի հեղինակը Google-ն է: Նախագծի աշխատանքային անվանումն է Google Me:
Google Me-ն չի լինի սովորական սոցիալական ցանց, նա իր մեջ կներառի Google Mail-ը, որի մեջ արդեն կան տեսաչաթի, IP հեռախոսային ծառայության, YouTube-ի, Google Translate-ի եւ այլ գործառույթներ:
Google ընկերության գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտի խոսքով, դրանով իր ընկերությունը պատրաստվում է մրցակցել Facebook-ի հետ, որի օգտվողների թիվը, վերջին տվյալներով, անցնում է 500 մլն-ից:
Նշենք, որ Google-ն արդեն ունի սոցիալական ցանց` Orkut-ը, որը ստեղծվել է 2004-ին: Orkut-ի գրանցված օգտագործողների թիվը կազմում է 100 մլն, սակայն նրանց մեծ մասը` 70 տոկոսը, ապրում են Բրազիլիայում եւ Հնդկաստանում, որտեղ Google-ի սոցիալական ցանցը շուկայի առաջատարն է:





























