Հնդկաստանի Պունչ նահանգի Մենդար քաղաքում սեպտեմբերի 15-ին անկարգություններ են տեղի ունեցել, որոնց հեղինակները պահանջել են թույլ չտալ պղծել մահմեդականների սրբությունները, մասնավորապես Ղուրանը:

Մարդկանց ամբոխը ուղղվել է դեպի քրիստոնեական դպրոց, սակայն ոստիկանությունը կարողացել է կանգնեցնել նրանց: Այդուհանդերձ, ոստիկաններին չի հաջողվել մահակներով ու արցունքաբեր գազով ցրել մարդկանց, ուստի ոստիկանությունը կանչել է հատուկ ջոկատայիններին: Բախումների արդյունքում զոհվել է 5 ցուցարար, եւս 20-ը վիրավորվել է: Միաժամանակ, ցուցարարները այրել են ոստիկանական բաժանմունքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգում նույնպես ցուցյեր են տեղի ունեցել, որի ընթացքում ցուցարարներն այրել են եկեղեցուն պատկանող դպրոցը: Այդ ժամանակ զոհվել էր 10 մարդ:

Հնդկաստանի մահմեդականների ցասումն առաջ էր եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության օրը մի քանի օրինակ Ղուրան էին այրել: